«Մեդիա» կենտրոնում «Շանթ և Ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը և հոգաբարձուներ Միքայել Հայրապետյանը և Էդուարդ Զորիկյանը հրավիրել էին ասուլիս՝ իրազեկելու հիմնադրամի ստեղծման նպատակների և շահառուների մասին:
Ֆելիքս Հայրապետյանը տեղեկացրեց, որ առանձին անհատներ արդեն փոխանցել են գումարներ բարեգործական հիմնադրամին, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել տասնչորս քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանն ու իր տասներեք ընկերները կալանավորվել են և մինչ օրս գտնվում են անազատության մեջ: Շանթ Հարությունյանին տեղափոխեցին հոգեբուժարան, սակայն հետո, նրան ճանաչելով մեղսունակ, վերադարձրեցին քրեակատարողական հիմնարկ: Քաղբանտարկյալներից ոմանք ունեն առողջական խնդիրներ:
Ֆելիքս Հայրապետյանը նշեց, որ քաղբանտարկյալներին պետք է ցուցաբերվի ինչպես նյութական, այնպես էլ՝ իրավական աջակցություն:
Ուշագրավ է, որ, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ հարաբերություններ ունի Ֆելիքս Հայրապետյանը Շանթ Հարությունյանի հետ, նա նշեց, որ անձնապես ծանոթ չէ, հույս ունի նրա հետ ծանոթանալ ազատության մեջ հայտնվելուց հետո: Միաժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ ինքը համամիտ է Շանթ Հարությունյանի դավանած գաղափարներին:
irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչով է պարոն Հայրապետյանը բացատրում այն փաստը, որ այսօր Շանթ Հարությունյանին աջակցում են ոչ ստվարաթիվ մարդիկ, իսկ իրենց ընդդիմադիր հայտարարած ուժերը ցուցաբերում են պասիվություն:
«Ինձ թվում է, որ տարբեր քաղաքական խաղերը հանգեցրին նրան, որ հասարակության մեջ մարեց ակտիվ պայքարի ցանկությունը: Սա ժամանակավոր երևույթ է, որովհետև մարդիկ հասկանալու են, որ միայն պայքարի շնորհիվ է հնարավոր հասնել լուրջ փոփոխությունների, և իշխանություններն էլ կարող են հաշվի նստել միայն պայքարող մարդկանց հետ»,- կարծիք հայտնեց Ֆելիքս Հայրապետյանը:
Մեր զրուցակցի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ միայն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է իր լիազորությունների շրջանակներում այցելել քաղբանտարկյալներին և ահազանգել նրանց նկատմամբ կիրառված բռնությունների մասին: Ինչո՞ւ են մյուսներն անտարբեր: Պատճառը միգուցե Շանթ Հարությունյանի քաղաքական հայացքնե՞րն են:
«Իհարկե, Շանթի հայացքներն էլ ունեն նշանակություն: Ցավոք, այդ քաղաքական ուժերից միայն «քաղաքական» բաղադրիչն է մնացել բառակապակցության մեջ, որովհետև նրանք պատրաստ են մասնակցել ամեն ինչի, բացի քաղաքական լուրջ պայքարից: Շանթն ու իր ընկերները արեցին մի քայլ, որը չէր նշանակում, որ գնալու են և գրավեն Բաղրամյան 26-ը, այլ՝ որ մարդկանց ուղեղներում էին փորձում ինչ-որ բան արթնացնել»,- ասաց Ֆելիքս Հայրապետյանը:
Մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այսօր մեր երկրում ցանկացածին կարելի է մեղադրել քրեական հոդվածներով, հենց թեկուզ նրա համար, որ փողոցը սխալ է անցել:
Ֆելիքս Հայրապետյանը նշում է, որ քաղաքական կուսակցությունները պարտավոր էին հայտնել իրենց կարծիքը Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների մասին:
«Թող մի անգամ հարց արծարծեին ԱԺ-ում: Խոսքս, իհարկե, առանձին անհատների մասին չէ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի, ով այցելել է քաղբանտարկյալներին և իրազեկել նրանց մասին: Կուսակցություններն իրենց պայքարի ձևն են ընտրել, Շանթի պայքարի ձևն էլ սա է»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի հակառուսական հայտարարություններին, ապա, ըստ մեր զրուցակցի, նման հայտարություններ անում են նաև ուրիշները, սակայն՝ ոչ ուղղակի ձևով, և դա չպետք է պատճառ լինի Շանթին չպաշտպանելու:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ